CSI նախագահ Այբները փոխանցել է Բագրատ Սրբազանի նամակը

Երեքշաբթի՝ փետրվարի 3-ին, Երեւանում կայացավ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) նախագահ Դոկտոր Ջոն Այբների եւ Գերմանիայում կազմակերպության ներկայացուցիչ, կաթոլիկ քահանա Հայր Փիթեր Ֆուքսի մամուլի ասուլիսը։

Համատեղ ասուլիսին մասնակցում էին նաեւ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) նախագահ Ռաֆայել Իշխանյանը եւ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը։

CSI-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանում է՝ դիտարկելու համար, պետություն-Եկեղեցի ճգնաժամի ընթացքը։ Փաստահավաք այցով կազմակերպությունից Հայաստան էին այցելել նաեւ նոյեմբերին՝ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշի ժամանակահատվածում։

CSI-ի նախագահ Այբները տեղեկացրեց, որ փետրվարի 3-ին պատվիրակության անդամները տեսակցել են ԱԱԾ բանտում պահվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Այբներն ընթերցեց Վաշինգտոնում անցկացվող Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված նամակը։

Սրբազանը նաեւ Հայաստան այցելել պատրաստվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին է նամակ հղել, որտեղ ամերիկյան իշխանություններին կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայտնել, որ ԱՄՆ-ն չի հանդուրժելու Եկեղեցու դեմ գործողությունները։

Այբների գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին մեկնել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այբների խոսքով՝ Հայոց Հայրապետը հավատարիմ է իր պարտականությունների կատարմանը։

Խոսելով Արցախի մասին՝ նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը փակված չէ։

«Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը փակված համարենք, վաղն էլ կարող է ձեր իրավունքների հարցը փակված համարվել», – ասաց Այբները։

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն էլ պատմեց «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» ընթացքի մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարողանում վերադառնալ Արցախ։

«Ես եւ մենք կփորձենք անել այն ամենն, ինչ կարող ենք։ Գործը դեռ փակված չէ», – ասաց շվեյցարացի պատգամավորը։

ՔԻՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյանը փաստեց Եկեղեցու դեմ պետության գործողությունների շրջանակում բազում իրավունքների խախտման մասին։

Իշխանյանը անդրադարձավ եպիսկոպոսին զբաղեցրած պաշտոնից զրկելու՝ Կաթողիկոսի որոշումը ՀՀ դատարանի կողմից առկախմանը։ Հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ նա ասաց, որ դատարաններն իրավասու չեն չեղարկել Եկեղեցու կողմից հաստատված ներեկեղեցական ակտերը։

Իր խոսքում Հայր Փիթեր Ֆուքսը անդրադարձավ Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցու էկումենիկ հարաբերություններին՝ ընդգծելով Կաթոլիկ եկեղեցու համերաշխությունը Հայկական եկեղեցու հետ։

Հոգեւորականը հիշատակեց նոյեմբերին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարան Լեւոն XIV Պապի այցը եւ Գարեգին Բ Կաթողիկոսին ուղղված նրա ողջույնները։