Ջոն Այբները
Զորի Բալայանին առաջին անգամ հանդիպեցի 1991 թվականին՝ Երեւանում։ Քաղաքականապես լարված, քաոսային ժամանակներ էին։ Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ էր։ CSI-ը մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու համար առաջին փաստահավաք այցն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղ։ Այդ շրջանում ԼՂ-ն ԽՍՀՄ-ադրբեջանական խստաշունչ շրջափակման մեջ էր։ Այցելեցի Ղարաբաղ, երբ ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի ուժերի կողմից տխրահռչակ «Օղակ» գործողության շրջանակում հայկական գյուղերի կազմակերպված բռնի տեղահանության մասին հավաստի զեկուցումներ ստացանք։
Զորիի հետ ծանոթացել եմ մեր ընդհանուր բարեկամի՝ Ղարաբաղի մեծ պաշտպան Քերոլայն Քոքսի միջոցով։ Քոքսը նրա հետ ծանոթացել էր խորհրդային իրավապաշտպան Ելենա Բոների եւ Ղարաբաղի համակիրների սախարովյան շրջանակի միջոցով։ Որպես անվանի գրող, բժիշկ եւ ճամփորդ՝ Զորին լավ կապեր եւ ճանաչում ուներ քաղաքական այս աշխարհում։ Նա ԼՂ-ում CSI-ի առաջին առաքելության եւ դրան հաջորդած մյուս առաքելությունների համակարգողն էր։ Այդ ժամանակահատվածը մենք հիմա Առաջին ղարաբաղյան պատերազմ ենք կոչում։
Զորիի վրա առաջին իսկ անգամ հայացք նետելուց ակնհայտ էր, որ նա իշխող բնավորություն ուներ։ Նրա բնավորությունը նրան հզորություն էր հաղորդում, եւ նրա նկատմամբ մեծ հարգանք էին տածում բոլորը, այդ թվում՝ նրանք, որոնք քաղաքական հակառակորդներ պետք է դառնային։ Երեւանում շատ ժամանակ չանցկացրինք նրա հետ, չհաշված այն ճանաչողական հանդիպումները Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մնացորդները կառավարող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա մի հին, մաշված երկտոննանոց ուղղաթիռով կազմակերպեց մեր ուղեւորությունը Երեւանից Ղարաբաղ։ Հայկական ուժերը դեռ չէին հաստատել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ի ԽՍՀՄ-ադրբեջանական շրջափակումը հաղթահարելու միակ ճանապարհը լեռներով, անտառներով կամ ուղղաթիռով Շահումյան հասնելն էր։
Մեզ անմիջապես ընդունեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը եւ մի հեռավոր դաշտում «պիկնիկ» ճաշ հյուրասիրեց։ Անմիջապես ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղում Զորին բոլորին ճանաչում էր եւ կարողանում էր արագ ու արդյունավետ կերպով կազմակերպել աշխատանքները։ Զորին ակներեւաբար այն մարդկանցից էր, որը գիտակցում էր իր գոյության իմաստը։ Նրան չէր հետաքրքրում այն կյանքը, որը նախախնամությամբ նախատեսված չէր։ Նա հասկանում էր, թե ինչ սարսափելի հետեւանքներ կառաջանային իր ծննդավայր Ղարաբաղի եւ ամբողջ Հայաստանի համար, եթե Ղարաբաղի էթնոկրոնական զտման ադրբեջանական ծրագրերն իրականություն դառնային։ Նա վճռական էր՝ իր ուժերի սահմաններում անել ամեն ինչ նման սցենարը կանխելու համար։
Զորիի հետ կապված մի վառ հիշողություն ունեմ, որը շատ բան է հաղորդում նրա բնավորության մասին։ Անմխիթար, երթեւեկության համար գրեթե անպիտան մի մեքենայով Զորիի հետ անցնում էինք Ղարաբաղի չսալահատակված, փոշոտ ճանապարհներով։ Հստակ չեմ հիշում, թե ուր էինք ուղեւորվում, բայց հիշում եմ, որ ուշանում էինք։ Չնայած դրան, նա հրամայում էր կանգնեցնել մեքենան ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր փոքր գյուղում։ Գյուղացիները արագ թողնում էին իրենց բան ու գործը եւ հավաքվում մեքենայի շուրջ։ Այնուհետեւ, Զորին ոգեւորիչ, սրտաբուխ ելույթ էր ունենում։ Չնայած ժամանակի ճնշմանը, նա մշտապես շփվում էր տեղացիների հետ, որից հետո միայն շտապ վերադառնում էր մեքենա՝ շարունակելու ճանապարհը։
Զորին ժողովրդի հետ խոր կապ ուներ եւ ժամանակ գտնում էր նրանց համար։ Նա կարողանում էր դառնալ այն խողովակը, որի միջոցով Ստեփանակերտում, Երեւանում, Մոսկվայում եւ աշխարհի այլ կարեւոր մայրաքաղաքներում տեղակայված իշխանությունները տեղեկանում էին ԼՂ ժողովրդի մտքերի, զգացողությունների եւ ձգտումների մասին։ Երբեք չեմ մոռանա Զորիի հետ անցկացրած ժամանակս Ստեփանակերտի մարդաշատ, նեղ նկուղներում՝ քաղաքի խիզախ բնակիչների հետ միասին։ Այդ օրերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիից ԳՐԱԴ տեսակի հրթիռներ էին արձակվում մայրաքաղաքի ուղղությամբ։ Զորին կրկին ժողովրդի հետ էր։
Զորին Լեռնային Ղարաբաղի հայկական էության պահպանությունը կենսական էր համարում հայկական հանրապետության՝ որպես հայ քրիստոնյաների եւ նրանց քաղաքակրթության անվտանգ հայրենիքի, գոյատեւման համար։ Նա քաջածանոթ էր ոչ միայն Հայոց ցեղասպանության (1915–23), այլեւ դրան նախորդած եւ արդեն Կովկասում հաջորդած ավելի փոքրածավալ կոտորածների ու ջարդերի մասին։
Նրա աչքերում, հակահայկական այս բոլոր բռնություններն քաղաքական նպատակ ունեն․ Թուրքիան եւ իր կրտսեր ադրբեջանա-թյուրքական գործընկերները վճռական էին եւ վճռական են վերացնել հայկական քրիստոնեական քաղաքական գործորդությունը։ Նա ընկալում էր, մի կողմից, 1990–91 թվականների հակահայկական «Օղակ» գործողության, Սումգայիթում եւ Բաքվում հայերի ջարդերի, մյուս կողմից՝ հայերի դեմ ավելի լայն հակաքրիստոնեական ցեղասպանական պատմական գործընթացի կապը։ Զորիի համար Ղարաբաղը պաշտպանության առաջնագիծն էր։ Նա ունակ էր կանխատեսել, որ Ղարաբաղի անկումն այս կամ այն կերպ արդեն կշարունակվի հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ու այդպես էլ եղավ։
Անկարային եւ Բաքվին իր քաղաքական գործորդությունը չզիջելու պարագայում Հայաստանին այսօր բացեիբաց սպառնում են պատերազմով։
Համիդյան ջարդերի, Հայոց ցեղասպանության, Իսլամի բանակի եւ ադրբեջանական աշխարհազորայինների կազմակերպած կոտորածների, «Օղակ» գործողության եւ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնո-կրոնական զտման համար շարժիչ ուժ ծառայած հայկականության քաղաքական եւ հոգեւոր կործանման նպատակը դեռեւս կենդանի է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական մշակույթում՝ ի հեճուկս հայերին հակառակը համոզելու հրապարակային ջանքերին։ Հենց դա՛ է պատճառը, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց երեւանյան համախոհները շարունակում են այդքան ուժ գործադրել Զորի Բալայանի թողած մեծ ժառանգությունը արատավորելու համար։ Այն հանգիստ չի թողնում նրանց։
Հայ քրիստոնյաները եւ նրանց օտարազգի համակիրները պետք է անցյալը, ներկան եւ ապագան տեսնեն այն նույն հստակությամբ, ինչ Զորին էր տեսնում, եւ գործեն՝ ոգեշնչվելով նրա իմաստությամբ եւ անսահման եռանդով։